ԿԱՐՍՀնում Կարսը մտնում էր Այրարատ աշխարհի Վանանդ գավառի մեջ: Նրա առաջին տերերը Վանանդի նախարարներն էին: Կարսը նրանց գլխավոր բերդն ու նստոցն էր: 928 թ-ին Կարսը դարձավ Հայաստանի մաքրաքաղաք: 961-ին մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, իսկ Կարսը մնաց Բագրատունիների կրտսեր ճյուղի` Կարսի կամ Վանանդի ֆեոդալական թագավորության մայրաքաղաքը: 9—րդ դարից մինչև 13-րդ դարի մոնղոլական արշավանքները, Կարսը զգալիորեն առաջադիմեց: Քաղաքի հարստության մասին լեգենդներ էին պտտում`հարստություն ամբարված “ծովից ու ցամաքից”: Այդ ժամանակներում է կառուցվել հայտնի անառիկ բերդը: Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են` «Բերդ Կարուց»: 9—13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի: Հետագայում, պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արեվելյան մասում, շարքից դուրս է եկել: Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով: Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19—րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ: Այսօր էլ բերդը կանգուն է և բաց այցելուների համար: Այն իր վեհ տեսքով կարծես իշխում է քաղաքի տարածքին և հուշում իր բովանդակ անցյալի մասին: |