ՄՈՒՇ


Այսօր Մուշում  ապրում է 64 հազար մարդ , որից 60 հազար քուրդ, հազար թուրք, երեք հազար հայ, ովքեր մեծ մասամբ մահմեդական են: Քաղաքի հիմնական կարևոր հաստատությունները հենց հայ մահմեդականների ձեռքում են:
 Մուշը քաղաք էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մշո դաշտի հարավային մասում: Ժողովրդական ավանդության համաձայն Մուշ անվանումն առաջացել է “մշուշ” բառից, նկատի ունենալով, որ գրեթե ողջ տարին Մշո դաշտը մշուշապատ է լինում: Մուշը հիշատակվում է երբեմն իբրև բերդ, երբեմն` ավան, գյուղաքաղաք: Հնում Մուշը պատկանել է Սլկունիներին, ապա Մամիկոնյանների այն ճյուղին, որը վարում էր Հայոց սպարապետության պաշտոնը:
     Նոր շրջանում Մուշը բաժանված էր հայկական և թուրքական մասերի, ուներ երկու թաղամաս: Մուշում կային քարաշեն բաղնիքներ, իջևանատներ: Քաղաքի միջով հոսում է Արածանիի ձախակողմյան վտակ Մեղրագետի ճյուղերից մեկը` քաղաքը բաժանելով երկու մասի: Հենց նրա ափին էլ, ձորի մեջ գտնվում է բաղնիքը: Սա հայերի կառուցած այն եզակի շինություններից է, որն այսօր պահպանվել է Մուշում: Այն չափազանց հետաքրքիր է իր կառուցվածքով: Ներկայիս Հայաստանի տարածքում դժվար թե գտնես նման համակարգով պահպանված բաղնիք: Այն ուներ մի քանի սենյակներ: Պատերի մեջ հստակ երևում են խողովակները, որոնցով մատակարարվել է տաք և սառը ջուրը:
 Բաղնիքի դիմացի լանջին հին հայական գերեզմանոց է: Ասում են Գևորգ Չաուշն ևս այստեղ է թաղված: Սակայն ոսկի որոնողները այնպես են ապականել ննջեցյալների գերեզմանները, որ բացի հոգու խոր ցավից, դճվար թե ուրիշ բան գտնեք այստեղ:
  Մուշն այսօր մեծ ու գեղեցիկ քաղաք է: Քաղաքի գլխին  տարածվում են հին  երկու թաղամասերը, որոնցից մեկն առաջ հայկականն էր, մյուսը թուրքականը: Ներկայում դրանք երկուսն էլ քրդական  թաղամասեր են: Նախկին հայկական թաղամասում մենք գտանք հերթական ավերված ու աղբանոց դարձած եկեղեցին: Ասում են այն կաթոլիկ է եղել, իսկ հետագայում  թուրքերի կողմից վերածվել է բանտի, ինչի մասին պարզորոշ վկայում են պատուհաններին պահպանված ճաղերը: Մարդիկ եկեղեցի են կառուցել, որն անողոք նախախնամությամբ նրանց համար բանտ է դարձել: Երբ մենք եկեղեցու մոտ էինք հարևան տանից դուրս եկավ մի բնակիչ: Փառավոր շարժումով ոտքը դրեց քարին ու մեծ հպարտությամբ սկսեց պատմել, թե ինչպես են իրենք տեղի հայերին կոտորել:Նա խոսում էր, իսկ մենք դժոխային զգացողություն ունեինք: Ինչ-որ մեկը ժպիտով պատմում է, ինչպես են քեզ կոտորել: Ըստ իս բառերն ավելորդ են:

Հին թաղամասում այլ եկեղեցիներ էլ են եղել, սակայն այսօր ոչինչ արդեն չկա: Դրանցից մեկը մզկիթի է վերածվել: Մզկիթը գրեթե ոչնչով չի հուշում որ անցյալում եկեղեցի է եղել: Եկեղեցու նման մնացել է միայն մեկ պատ: