ԷՐԶՐՈՒՄ

Ժամանակակից Էրզրումը իր չորս հարյուր հազարանոց բնակչությամբ Արևելյան Թուրքիայի ամենա խոշոր մարզն է: Էրզրումն իր շրջակայքով հայտնի լեռնադահուկային հանգստի գոտի է: Շրջապատող սարերը տարվա մեծ մասը ծածկված են ձնով, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում տուրիզմի համար: Էրզրումը հայտնի է իր ջրով: Մի քանի կիլոմետր հեռավորության վրա հոսում է Եփրատը:
      Էրզրումում հայկական մնացել է միայն պատմությունը, չնայած այն Հայաստանի հնագույն քաղաքներից է:  Նրա հիմնադրումը վերագրում են Ք.ա 2—րդ հազարամյակի 2—րդ կեսին ապրած հայոց թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է քաղքի հայկական Կարին անունը:
  Խոշոր արհեստավորական, գիտամշակութային կենտրոն, որտեղ  ապրել ու արարել են հայերը: Կարինը բոլոր ժամանակներում եղել է հայաշատ քաղաք: Մինչև 4-րդ դարը  Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում  եղել է հայական պետության կազմում, Կարինի գավառի կենտրոն: 387 թ-ին Հայաստանի առաջին բաժանմամբ  անցել է Հռոմեական կայսրությանը և Կարինը կոչվեց Թեոդորոս կայսեր անունով Թեոդուպոլիս: 5-րդ դարից Կարինը կռվախնձոր դարձավ պարսիկների և բյուզանդացիների միջև: 885 թ-ին, Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո, Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ:
  1049-ին սելջուկները գրավեցին և կործանեցին Հայաստանի Արծն քաղաքը, որի հայ բնակիչները գաղթեցին Կարին և այն կոչեցին Արծն:  Քանի որ այն բյուզանդական տիրույթներում էր, նախկինից տարբերելու համար սկսեցին ասել Արզնար-Ռում, որ հետագայում ձևափոխվելով դարձավ Էրզրում: Սելջուկ-թուրքերին կարճ ժամանակով այստեղից վռնդեցին Զաքարյանները, իսկ 1242 թ քաղաքը անցավ մոնղոլ-թաթարների իշխանության տակ:
19-20րդ դարերում ռուսները երեք անգամ գրավել են Կարինը և նորից վերադարձրել Օսմանյան կայսրությանը: Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով, ռուսները, Արևմտյան Հայաստանի տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի հետ Կարինը վերադարձրեցին Օմանցիներին: Բնակչությունը կաթողիկոսարանի հետ գաղթեց և բնակություն հաստատեց Ախալքալաքում, Ախալցխայում, Լոռիյում և այլուր:
   20-րդ դարի վերջին քաղաքը բաղկացած էր միջնաբերդից, բերդից և արվարձաններից: Միջնաբերդը, որն այսօրվա բերդն է, կառուցված է քաղաքի կենտրոնում , բլրի վրա: Բերդի հարավային մասում Թեփսի մինարեն է, որն իր բարձրության շնորհիվ դիտարան է ծառայել: Բերդի մուտքի վրա այցելուների համար փոքրիկ ակնարկ է գրված, ըստ որի դա 5-րդ դարի  թուրքական կառույց է: Հայկական բերդը վերագրելով թուրքերին` նրանք շատ են կարևորում այն, որպես թուրքական մշակույթի առաջին օրինակ: Չնայած այն փաստի, որ թուրքերն այտստեղ առաջին անգամ հայտնվել են ընդհամենը 6 դար հետ հետո: Բերդի պարիսպների և աշտարակների  մեծ մասը քանդվել է 1859թ-ին երկրաշարժի ժամանակ: Պատերին եղել են հայերեն արձանագրություններ, որոնք այսօր ի սպառ վերացել են: Հայերը գլախավորապես այստեղ զբաղվել են արհեստներով և առևտրով: Զարգացել է նաև հայ մշակութային կյանքը: Կարինում ստեղծվել են մի շարք հայակական ձեռագրեր: Կային մի քանի հայկական վարժարաններ: Քաղաքի կենտրոնում մենք գտանք վարժարանի ավերակներ: Ամենայն հավանականությամբ դա միակ հայակական մնացորդն է: Այստեղ` վարժարանի մոտ, պետք է լիներ նաև  հայկական Սբ. Աստվածածին եկեղեցի,որը չկար:  Բացի վերջինից մի քանի եկեղեցի ևս եղել են քաղաքում, սակայն ինչպես արդեն նշել ենք մնացել է միայն պատմությունը:
      Քաղաքիի շատ թե քիչ հետաքրքրություն ներկայացնող մահմեդական ճարտարապետական շինությունները, որպես կանոն, կամ վերափոխված քրիստոնեական շենքեր են, կամ կառուցված են ավերված ու քանդված հայկական եկեղեցիների տեղում: Մահմեդական Էրզրումի ամենահայտնի տեսարժան վայրը Մեդրեսի զույգ աշտարականերն են: Շինության դիմացի վահանակից իմացանք, որ այն 13դ-ի վերջի և 14-րդ դարի սկզբի կառույց է: Oսմանյան թագավոր Մուրադ 4-րդի ժամանակ օգտագործվել է որպես հրաձգային կետ, որից հետո որպես ձմեռանոց է ծառայել:
  Մենք այնպիսի տպավորություն ստացանք, որ սա նրանց համար բավականին կարևոր սրբտեղի է, սակայն լինելով մզկիթ իր նպատակով չի կիրառվում: Երբ մենք կանգնած էինք շինության առջև շատ անակնկալ և չսպասված դեպք պատահեց: Երկու մահմեդական մեր կողքով անցնելիս ասացին, որ սա այն “ջամին” է որտեղ հայերը կոտորել են իրենց, այդ պատճառով այն այլևս չի օգտագործվում: Ճշմարտություն էր դա, թե ոչ մենք չիմացանք, այնուամենայնիվ բավականին անակնկալ էր:
      
      Գուցե Կարինի մասին մեր պատմությունը հարազատ չէր ու օտար այն մարդու համար, ով իր պապերից բազմիցս լսել էր այս հայակական քաղաքի մասին: Սակայն մենք կարող էինք ցույց տալ միայն իրականությունը, իսկ այն այստեղ հուսադրող չէ: